AM դոմենի գործունեության սկզբունքներ
- Գրանցելով Ինտերնետում Ձեր դոմենային անունը գրանցող կազմակերպությունը (Registrar), Ինտերնետ Հանրություն ՀԿ-ն և Հայաստանի տեղեկատվական կենտրոնը (AM NIC) ի գիտություն են ընդունում Ձեր իրավունքը այդ անունի օգտագործման նկատմամբ:
- Այդ իրավունքը կարող է չեղյալ համարվել եթե պարզվի, որ դոմենային անունը օգտագործվում է սփամի (spam) առաքման համար, կամ ուրիշ անօրինական անվայել նպատակներով (ազգամիջյան, կրոնական կամ էթնիկ չափանիշներով գժտության հրահրման համար, միջազգային տերորիզմի խթանման և ուժի կիրառման քարոզչության համար, պոռնկագրության տարածման և տրաֆիկինգի համար):
- Ամեն կոնկրետ դեպքում դոմենի չեղյալ հայտարարելու առաջարկությունը ընդունվում է ԻՀ ՀԿ կազմում գործող աշխատանքային խմբի կողմից, որը 2009 թ. օգոստոսի 1-ից քննարկում է նման դեպքերի վերաբերյալ բողոքները, և որոշում է առաջարկում, որը ուժի մեջ է մտնում ԻՀ ՀԿ վարչության կողմից հաստատելուց հետո:
- Լայն ճանաչում ունեցող կամ ապրանքանշան հանդիսացող անվանումների գրանցումը կարող է մերժվել:
- Ազգային արժեք հանդիսացող կամ վերապահման ցանկում գտնվող անվանումները կարող են հատկացվել միայն ԻՀ ՀԿ-ի վարչության որոշմամբ:
- Աշխարհագրական անունները, երկրների անունները, հայտնի հապավումները, հայտնի բրենդ անունները կարող են չգրանցվել որպես դոմենային անուն; սակայն, որոշ հանգամանքներում, երբ որ գրանցողը ներկայացնում է բավարար փաստաթղթեր, որոնք հաստատում են իր իրավունքները այդ դոմենային անվան համար, կենտրոնը (AM NIC) կարող է թույլատրել այդ անվան գրանցումը:
- Անբարոյական անուններով դոմենների գրանցումը կարող է մերժվել:
- .AM դոմենում անուններ գրանցելու գործողությունը ենթադրում է, որ անունը չպետք է հակասության մեջ լինի որևէ ուրիշ առկա անունների հետ:
- Հայաստանի տեղեկատվական կենտրոնին (AM NIC) իրավունք է վերապահված չեղյալ համարել դոմենային անունի գրանցումը եթե ապացուցված է, որ տրամադրված փաստաթղթերը կեղծ են կամ թերի:
- Գրանցման պայմանագրի համաձայն` օգտվողը երաշխավորում է, որ ապրանքանշանների հետ կապված ցանկացած վիճահարույց իրադրություններում, ապրանքանշանը սպասարկման, դատական վիճարկման և այլ պարագաներում ԻՀ ՀԿ-ն, AM NIC-ը և գրանցող կազմակերպությունը որևէ նյութական պատասխանատվություն չեն կրում:
- Գրանցման հայտ ներկայացնող կողմը հավաստիացնում է, որ դոմենի անունը չի խախտում ապրանքանշանային կամ այլ իրավունքներ:
- Դոմենի անվան գրանցումը ոչ մի օրինական իրավունք չի տրամադրում այդ անվան նկատմամբ, և կողմերի միջև ծագած վեճերը պետք է լուծում գտնեն գործող օրենսդրական նորմերի շրջանակներում:
- Առցանց գրանցման հայտ ներկայացրած դիմորդը, ով սահմանված ժամկետներում վճարում չի իրականացրել, զրկվում է առցանց գրանցման իրավունքից և կարող է վճարում կատարել` միայն գրանցող կազմակերպություն այցելելով և գրավոր պայմանագիր կնքելով նրա հետ:
- Ցանկացած կայքի բովանդակություն, նրա մաս կազմող տեքստը և պատկերները, վիդեո և աուդիո նյութերը չպետք է հակասեն ՀՀ օրենքներին և ՀՀ իրավասու մարմինների կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերին, կոնվենցիաներին, մեմորանդումներին:
- Սույն սկզբունքների բացառիկ ենթադատության տիրույթն է ՀՀ ողջ տարածքը:
- Ցանկացած ծառայության տրամադրումը ենթակա է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին:
- Գրանցում հայցող կողմը հաստատում է, որ գրանցված դոմենային անունը չի օգտագործվի ոչ մի անօրինական կամ անպատեհ նպատակներով ոչ մի հանգամանքներում և ոչ մի երկրում:
- Եթե գրանցում հայցող կողմը կամ դոմենի անունի սեփականատերը օգտագործել են վերոհիշյալը անօրինական նպատակով, այդ դոմենային անվան հասանելիությունը կարող է սահմանափակվել AM NIC-ի կողմից և ԻՀ ՀԿ վարչության որոշումից հետո գրանցումը չեղյալ համարվել: